Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը հայտնել է ԵՄ գործընկեր վեց երկրի, այդ թվում և Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու իրենց ցանկության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրել է The Parliament Magazine-ում տպագրված հոդվածում: «Մեր համագործակցությունը նպատակ ունի կառուցել կայունություն ինտեգրացիայի և ժողովրդավարության նկատմամբ ԵՄ մոտեցումների ընդունման միջոցով: Գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ-ի և դրա գործընկեր վեց պետության' Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները, որոնք ուղղված չեն լինի երրորդ կողմի դեմ»,- նշել է Հանը: Նա հայտնել է նաև, որ կայանալիք գագաթնաժողովին կքննարկվեն այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են ԵՄ և դրա արևելյան գործընկերների միջև հարաբերություններում 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո:
Յոհաննես Հանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերությանը ԵՄ մոտեցումը մշտապես թափանցիկ է եղել և կենտրոնացած իր գործընկերների շահերի և հետաքրքրությունների վրա:
Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի կունենա մայիսի 21-22-ը: