Հայաստանն ու Բելառուսը չեն ստորագրի Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե դրանում մնա «Ղրիմի անօրինական անեքսիա» արտահայտությունը: Հանդիպման մասնակիցները մշակել են փոխզիջումային տեքստ, որում առանձին նշել են իրենց դիրքորոշումները: Այս մասին հայտնել էReuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:

 

Աղբյուրները նշում են, որ ի սկզբանե ենթադրվում էր Ռիգայի հռչակագրում գրել Ռուսաստանի կողմից «Ղրիմի անօրինական անեքսիայի» մասին, սակայն նման ձևակերպումը չի ընդունվել Բելառուսի և Հայաստանի կողմից։ Այդ պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի փաստաթղթի փոփոխված տարբերակը, որում ԵՄ-ի և գործընկեր պետությունների դիրքորոշումները կներկայացվեն առանձին-առանձին:

 

«Տեքստում կնշվի, որ ԵՄ-ն դատապարտում է Ղրիմի իրավիճակը, կնշվեն նաև գործընկեր երկրների դիրքորոշումները, որոնք նրանք հայտնել էին 2014-ի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, երբ Հայաստանը և Բելառուսը զբաղեցրել էին Մոսկվայի կողմը (դեմ էին քվեարկել բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն ուժ չունեցող էր անվանել)»,- գրում է Reuters-ը:

 

Բրյուսելում հռչակագրի վերաբերյալ բանակցություններից հետո դիվանագետներից մեկը հայտնել է, որ բարդ բանակցություններ էին:

 

Համատեղ հայտարարության սևագիր տարբերակն այսօր կուսումնասիրեն ԵՄ երկրների և 6 գործընկեր երկրների ԱԳՆ ղեկավարները: