Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով կբացակայի մեկ ամիս.
«Ես խաղադաշտ դուրս չեկա մոտ մեկ ամիս, քանի որ ուղեղի ցնցում ունեի և երբ վերադարձա՝ ծանրաբեռնվածությունը մեծ էր ինձ համար, և կրունկիս վրա ցավ զգացի: Խնդրեցի բժիշկներին ինձ ներարկել, ցանկանում էի օգնել թիմին «Դինամոյի» դեմ խաղում: Առաջին խաղակեսում ոչինչ չէի զգում, սակայն երկրորդում խնդրեցի ինձ փոխարինել: Ըստ բժիշկների՝ կկարողանամ մարզվել մեկ ամսից»,- Մանուչարյանի խոսքը մեջ է բերում Eurofootball-ը:
Ֆեյսբուքյան իր էջում էլ ֆուտբոլիստը գրել է. «Ահա և քեզ Game Over»:
Արդյունքում Մանուչարյանն ազգային հավաքականին չի կարողանա օգնել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիայի դեմ տնային հանդիպմանը, ինչպես նաև կբացակայի «Տորպեդոյի» և «Թերեկի» դեմ խաղերից:
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի կունենա հունիսի 13-ին, Երևանում: