Մամուլում տարածվել են լուրեր, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով հարցաքննվել է «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն, գործարար Տիգրան Կարապետյանը:


ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից ասացին, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով հարցաքննվել և հարցաքննվում են տարբեր մարդիկ, անվանական ասել չեն կարող`նախաքննության շահերից ելնելով:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էրԼՈՒՐԵՐ.com-ը, մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ էր արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի առթիվ Քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։