Բաքվի Բինագադիի շրջանի Ազադլըգ պողոտայում 16 հարկանի բնակելի շենքի այրվելու հետ կապված 100-ից ավելի մարդ է հարցաքննվել, սակայն, նրանց ինքնության մասին տեղեկություններ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հայտնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az-ին հայտնի է դարձել, որ այրված շենքի հետ կապված ձերբակալվել է Բաքվի Բինագադիի շրջանի թիվ 72 բնակշահագործման գրասենյակի պետ Նիզամի Օրուջովը, ում ենթակայության տակ էր նաեւ այրված շենքը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ շենքի հրդեհվելու պատճառը հանդիսացել է նրա մոտ գտնվող աղբակույտի այրվելը, որտեղից կրակն անցել է հեշտ այրվող պլաստիկ թիթեղներով պատված շենք:
«Հայտնի չէ, թե ԶԼՄ-ներն այդ մասին լուրը տարածել են ԲՇԳ-ի պետին ձերբակալելու, թե՞ իրական մեղավորներին պատասխանատվությունից հեռու պահելու համար»,- նշել է կայքը:
Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ երեկ նաև հայտնել էին, որ Բաքվում Եվրախաղերին ընդառաջ նման պլաստիկ թիթեղներով երեսպատվել է խորհրդային շրջանի մոտ 1000 շենք: Թիթեղներն արտադրում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհտիեւի փեսային պատկանող ձեռնարկությունը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Մայիսի 19-ին Բաքվի կենտրոնում 16 հարկանի շենքի այրվելու հետեւանքով զոհվել են 16, վիրավորվել 60-ից ավելի բնակիչներ: