Ես հասկանում եմ բոլոր ցուցարարներին, սա իսկապես սոցիալական խնդիր է, որն անհանգստացնում է մեր քաղաքացիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

«Անձամբ ինձ էլ ցանկալի չէ հոսանքի թանկացումը: Չեմ կարծում, որ հոսանքը 17 դրամով կթանկանա: Ուսումնասիրություններ են կատարվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Մեկ շաբաթից կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Զախարյանը:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:

 

Հիշեցնենք, նաև, որ ինչպես տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ Ազատության հրապարակում մեծ թվով քաղաքացիներ հավաքվել էին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

 

Հանրահավաքին ներկա էին հասարակական-քաղաքական ակտիվիստներ, պատգամավորներ, դերասաններ և քաղաքացիներ, ովքեր մտահոգ էին հերթական թանկացմամբ:

 

 

Տեսանյութը՝ 1in.am-ի