ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այսօր պաշտոնապես արձագանքել է «Փաստինֆո»-ի երեկվա հրապարկման մեջ տեղ գտած տեղեկություններին:
«Նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել է 481,013034 մլն. խմ գազ, որը հաստատված է իրանական և հայկական կողմերի միջև ստորագրված ակտերով: Վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Իրանից Հայաստան է ներկրվել 350 մլն. խմ գազ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է պետական այդ գերատեսության տարածած հաղորդագրությա մեջ:
Հիշեցնենք, վկայակոչելով, իրանական FARS գործակալությանը, երեկ հայտնել էինք, որ 2012թ-ին Իրանը մեր երկիր 481 մլն խ/մ գազ է արտահանել: Ու նաեւ մեջբերել ՀԾԿՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվությունը այն մասին, որ Հայաստանն Իրանից 350 մլն. խ/մ գազ է ստացել:
Նշենք, որ իրարանցում առաջացրած 350 մլն. խ/մ ցուցանիշը պաշտոնապես հրապարակված է ՀԾԿՀ-ի կայքում:
Գազի սակագնի փոփոխության մասին որոշման նախագծին կից ներկայացված տեղեկանքում «Բնական գազի օգտակար առաքումը Իրանից» տողում հստակ գրված է. «350.00 մլն խմ»:
Հեղինակ:
Նելլի Դանիելյան