Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն Offside.by կայքին տված հարցազրույցում անդրադարձել է իր կարիերային, «Դինամո» տեղափոխությանը և Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերություններին:
Ֆուտբոլիստի ծավալուն հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
««Դինամոն» հետաքրքրություն էր ցուցաբերում դեռ դեկտեմբերին, ինձ զանգեցին ակումբից և ասացին, որ ցանկանում են տեսնել թիմում: Գիտեի, որ «Դինամոն» վատ ակումբ չէ, հաճելի էր, որ նման ակումբը հետաքրքրված է ինձնով, այդ պատճառով էլ ընդունեցի առաջարկը: Շատ տարբերակներ ունեի, սակայն կանգ առա «Դինամոյի» տարբերակի վրա: Գրավեց այն, որ ակումբը հեռանկարներ ունի: Միշտ ցանկացել եմ խաղալ այդպիսի ակումբում, որն իր առաջ բարձր նպատակներ է դնում»,- նշել է Եդիգարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է ինչ-որ մեկի հետ վիճել, ֆուտբոլիստը նշել է.
«Շատ եմ սիրում «Բարսելոնան», և եթե նա խաղում է «Ռեալի» դեմ՝ կարող եմ ինչ-որ մեկի հետ վիճել: Սակայն գործը կռվի չի հասնում: Ընկերս՝ Հենրիխ Մխիթարյանը, նույնպես հանգիստ մարդ է: Նրա հետ մանկություն ենք անցկացրել, խաղացել ենք միևնույն թիմում, շատ հաղթանակներ ենք տարել: Հետո նա գնաց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ ես՝ Իրան: Իհարկե, մինչ հիմա շփվում ենք իրար հետ, ամեն շաբաթ դիտում ենք միմյանց խաղերը, շնորհավորում ենք, եթե մեզնից ինչ-որ մեկը գոլ է խփում»:
Իսկ հարցին, թե արդյոք մարզիչը հետևո՞ւմ է՝ ինչով են զբաղվում ֆուտբոլիստներն ազատ ժամանակ, Եդիգարյանը հավելել է.
«Ոչ, եթե դու խաղում ես բարձրագույն լիգայում, ապա մարզիչն ինքն է ընտրում լավ ֆուտբոլիստ-պրոֆեսիոնալների և պատասխանատու է նրանց արդյունքի համար:
Ինձ համար այժմ գլխավորն արտերկրում խաղալն է, իմ երկրի բոլոր ֆուտբոլիստներն են այդպես մտածում, որքան շատ մարդ է խաղում օտարերկրյա լավ առաջնություններում, այնքան ուժեղ է ազգային հավաքականը: Իսկ երբ հասկանամ, որ այլևս չեմ համապատասխանում, կարելի կլինի մտածել հայրենիք վերադառնալու մասին»: