Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանը հայտարարել է, որ պարտավոր է խաղալ իր ազգային հավաքականում:

«Վարդարի» ֆուտբոլիստը ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականին միանալուն, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունններին:

«Ես հայ եմ և պարտավոր եմ խաղալ Հայաստանի ազգային թիմում: Ուկրաինայի հավաքականում ժամանակավոր էի խաղում: Հայրենասեր եմ և հպարտ եմ, որ հայ եմ: Իհարկե, ես շնորհակալ եմ Ուկրաինային, որտեղ գտա իմ ֆուտբոլային ուղին: Հիմա Հայաստանի ազգային հավաքականի համար բարդ իրավիճակ է: Ընտրական փուլի առաջին խաղերը վատ անցկացրինք: Բայց սա ֆուտբոլ է, և առջևում դեռ շատ հանդիպումներ կան»,- Միրանյանի խոսքը մեջբերում է Football.ua-ն:

«Իհարկե, հաճելի է, երբ ինձ հայրենիքում նոր Մխիթարյան են անվանում, սակայն ես պետք է շատ աշխատեմ, որ նրա խաղամակարդակին հասնեմ: «Վարդար» տեղափոխվելու վերաբերյալ Մխիթարյանն ինձ ասաց՝ կարևոր չէ, թե ինչ թիմ է, քանի որ ինձ՝ որպես երիտասարդ ֆուտբոլիստի, անհրաժեշտ է առաջընթաց ապրել մեծահասակների ֆուտբոլում: Այնպես որ, ամեն ինչ ինձանից է կախված»,- հավելել է Միրանյանը:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը հրավիրվել է ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ալբանիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղին: