Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մեծ ապագա ունի, չնայած այն դժվարություններին, որոնց այժմ հանդիպում է, ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիմքի վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ մայիսի 29-ից դրանց կմիանա Ղրղզստանը:
«Համոզված եմ, որ այդ միությունը (ԵԱՏՄ) մեծ ապագա ունի, չնայած այօրվա դժվարություններին և միտումներին»,- ասել է Նազարբաևը:
Նա նաև նշել է, որ այժմ այլընտրանք չի տեսնում, բացի ԱՊՀ-ի բոլոր երկրների ինտեգրացումից: «Միշտ ասել եմ և կարծում եմ, որ ԱՊՀ-ն շատ լավ ներուժ ունի: Կառավարությունների ղեկավարների բուն հանդիպումը մեծ արժեք ունի, բայց այժմ, երբ բոլորը ճգնաժամ են ապրում, շարունակվող գլոբալ ճգնաժամ, արտահանական ապրանքների գների իջեցում, այս ամենը պահանջում է համատեղ աշխատանք և կոոպերացում: Կարծում եմ, որ եթե վերանանք բոլոր քաղաքական իրադարձություններից, ապա ինտեգրմանն այլընտրանք չկա»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: