Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է` այսօր իրականացվող ցեղասպանությունները կանխելու համար. պետք է հստակ ըմբռնում լինի անցյալում կատարվածի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The News-Sentinel կայքը, Չիկագո կատարած այցի ժամանակ նման համոզմունք է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ ամիս անց Վեհափառը մտահոգություն է հայտնել աշխարհում իրականացվող զանգվածային շարունակական սպանությունների վերաբերյալ՝ նկատելով, որ պառակտված աշխարհը սարսափով հետևում է դրանց, սակայն խուսափում միավորվել այդ երևույթի դեմ, իսկ երբեմն էլ հրաժարվում դրանք անվանել իր անունով:
«Բռնությունը բռնություն է, իսկ այն, ինչ անում է ԻԼԻՊ-ը, ցեղասպանության նոր դրսևորում է՝ հանցագործություն մարդկության դեմ: Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է այսօրվա ցեղասպանությունը կանխելու համար, պետք է հստակ ընկալում լինի անցյալում կատարվածի վերաբերյալ: Պատասխանատվությունը կարևոր է»,-ասել է Վեհափառը:
Նրա խոսքով, քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողացել հաշտվել անցյալի հետ, այն չի կարողանա միասնական պատասխան տալ ԻԼԻՊ-ի գործողություններին և իսլամական ծայրահեղականության մյուս դրսևորումներին, որոնց հետևանքով մեծ թվով քրիստոնյաներ և Հայոց եկեղեցու հետևորդներ են մահացել Միջին Արևելքում: