Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեն իր առջև դրված նպատակների իրականացման առումով կատարված է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Հաշվի առնելով, որ բյուջեի մասին օրենքով սահմանվում է 4 եկամտատեսակ, որոնք կարելի է գնահատել որպես անուղղակի հանձնարարական կառավարությանը՝ ապահովել դրամական միջոցներով բյուջետային ծախսային ծրագրերի կատարման համար անհրաժեշտ հիմքը՝ 2014թ. պետական բյուջեն կարելի է գնահատել կատարված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

 

Նա ընդգծեց, որ 2014թ. 1 տրիլիոն 144.8 միլիարդ դրամ է կազմել պետական բյուջեի ընդամենը եկամուտների ցուցանիշը, ինչը ՀՆԱ-ի շուրջ 25.3 տոկոսն է, իսկ բացարձակ թվով 73. 4 միլիարդ դրամով ավելի է 2013թ. համեմատ: «Պետական բյուջեն ներքին աղբյուրների հաշվին համալրվել է 1 տրիլիոն 128 միլիարդ դրամի չափով, ինչը շուրջ 69.4 միլիարդ դրամով ավելի է 2013թ. համեմատ: Պաշտոնական դրամաշնորհների մասով 2014թ. ստացվել է 17.3 միլիարդ դրամ, ինչը 4 միլիարդով գերազանցել է 2013թ. ցուցանիշը»,- ասաց Ջանջուղազյանը:

 

Հարկային եկամուտներ և տուրքեր ցուցանիշը հաշվետու տարվա համար կազմել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.51 տոկոսը: «Այս ցուցանիշը 0.27 տոկոսային կետով գերազանցում է 2013թ. ցուցանիշը: 2014թ. պետական բյուջեի եկամտային մասում հարկային եկամուտների և տուրքերի մասնաբաժինը կազմել է 93 տոկոս, և կարող ենք արձանագրել, որ 2014թ հարկային եկամուտներն ունեցել են հիմնականում կայուն վարքագիծ, քանի որ տարվա գրեթե բոլոր ամիսներին արձանագրվել է մուտքերի աճ նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ»,- ասաց ՀՀ գլխավոր գանձապետը:

 

Նա նկատեց նաև, որ ՀՆԱ-ի անվանական մեծության 5.9 տոկոս աճի պայմաններում արձանագրվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի աճ 6.3 տոկոսով կամ 6.2 միլիարդ դրամով գերազանցվել է նախորդ տարվա ցուցանիշը: Նա ընդգծեց, որ աճ արձանագրվել է գրեթե բոլոր հարկատեսակների առումով: