Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են հանցավոր մի ողջ մեխանիզմ:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճաշարանի վարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լևոն Սարգսյանը և որդին' Վոլոդյա Սարգսյանը, հանցավոր համաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքի բնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ' Բագրատ Ավետիսյանի և Արթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ, վերամշակման արտադրամասից գողացել են առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել Քաջիկ Մարգարյանին պատկանող լճեր: Հանքանյութը լվանալու եղանակով նրանք ստացել են մեկ կիլոգրամ 400 գրամ ոսկու զանգված:
Այնուհետև, հունիսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, Լևոն և Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երևանի բնակիչներ Արկադի Եսայանի և Վահան Սիմոնյանի հետ, ոսկու զանգվածն իրացնելու նպատակով ժամանել են մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Այստեղ Լևոն Սարգսյանը Եսայանին է վաճառել մեկ կիլոգրամ ոսկին' 38 հազար 800 դոլարով, իսկ որդին' Վոլոդյան Սիմոնյանին է վաճառել 400 գրամ ոսկին' դրա դիմաց ստանալով 14 հազար 830 դոլար: Այս գործարքից անմիջապես հետո էլ վերջիններս' գողոնով ու գումարով, բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Կատարվում է հետաքննություն: