ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:
Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում հունիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում պարզելու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։