Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը, որտեղ մայիսի 31-ին պայթյուն է տեղի ունեցել, գործել է օրինական դաշտում: Նման կարծիք լրագրողների հետ հունիսի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց ավտոգազալցաճնշակայաններիի (ԱԳԼՃԿ) կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը: «Չարենցավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ԶԼՄ-երը տեղեկություններ էին տարածել, թե իբր գազալցակայանը գործել է անօրինական դաշտում, սակայն դա ապատեղեկատվություն է, քանի որ այն իրենից ներկայացնում է ոչ թե գազալցակայան, այլ սեղմված բնական գազի առևտրի կետ (առկա են հարկային մարմիններում գրանցված լինելու մասին նորմատիվ համապատասխան փաստաթղթերը), որը զբաղվում է սեղմված բնական գազի մանրածախ առևտրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Թովմասյանը նկատեց, որ ներկայումս փորձաքննության են ենթարկվում գազալցակայանները, իսկ գազաբալոնների նկատմամբ վերահսկողությունը թողնվել է վարորդներին: «Վերջին շրջանում տեղի ունեցած պայթյունների մեծ մասի պատճառը անպիտան գազաբալոններն են»,- կարծիք հայտնեց ընկերության տնօրենը՝ հավելելով, թե դա է պատճառը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել շուտափույթ կերպով ներկայացնել ծրագիր՝ գազաբալոնների նկատմամբ վերահսկողության ընթացակարգ սահմանելու վերաբերյալ:
Նա հավելեց նաև, որ գազալցակայաններում առկա է ավտոմեքենաները լիցքավորելիս սահմանված 200 մթնոլորտ ճնշումը գերազանցելու խնդիրը: «Գազալցակայանները մրցակցում են միմյանց միջև, ինչի հետևանքով նախատեսվածից ավելի բարձր աշխատանքային ճնշմամբ լիցքավորվող գազաբալոնի շահագործման ժամկետը կրճատվում է մի քանի տարով»,-պարզաբանեց Ռուբեն Թովմասյանը:
«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե գազալցակայաններում ավտոմեքենաները լիցքավորելուց առաջ պետք է վարորդներից պարտադիր պահանջել գազաբալոնների փորձարկված լինելու փաստը հավաստող փաստաթղթերը, նա պատասխանեց հետևյալը. «Դա ժամանակատար գործընթաց է. յուրաքանչյուր ավտոմեքենայի համապատասխան փաստաթղթերը ստուգելու համար անհրաժեշտ է մոտ 10 րոպե ժամանակ և այդ դեպքում դժվար թե այդ գազալցակայանը կարողանա աշխատել: Սակայն, ես համաձայն եմ, որ պայթյուններից և դրա հետևանքով մահվան ելքերից խուսափելու համար դա անհրաժեշÕ ¿ գործընթաց է, որը պետք է իրականացնեն բոլոր գազալցակայանները»:
Վերջին մեկ ամսում հանրապետության գազаլցակայաններում երեքից ավելի պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում մահվան ելքերով: Մայիսի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում, մայիսի 14-ին՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, մահացել է 24-ամյա երիտասարդ, ով նույն գյուղի բնակիչ է, մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով երեք անձ վերակենդանացման բաժանմունքում է՝ լուրջ այրվածներով: Իսկ մայիսի 31-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնված 1960թ.), իսկ Մ. Խ.-ն (ծնված 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: