Երկիր մոլորակին համակած կլիմայի փոփոխությունը, որն իր հետքն է թողել բոլոր երկրների եղանակային պայմանների վրա, ստեղծել է իրավիճակ, երբ Հայաստանում ջրային ռեսուրսների խոցելիությունը գնահատվում է 30 տոկոս:
Դա նշանակում է, որ եթե ներկայում Հայաստանն ունի օգտագործելի 3 միլիարդ խորանարդ մետր ջուր, ապա, 700 միլիոնից 1 միլիարդ խմ ջուր կորցնելու վտանգ կա: Այս մասին «Եղանակային անոմալիաները եւ գլոբալ տաքացումն արդեն Հայաստանում են» թեմայով ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:
«Ջերմաստիճանի բարձրացումը բերում է, մի կողմից' տեղումների նվազման, մյուս կողմից' գոլորշիացման բարձրացման, ձևավորված գետային հոսը երկու կողմից էլ տուժում է»,-նշեց Արամ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը ներկայացրեց ջրամբարների ջրալցվածության մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 2-3 անգամ: «ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը դեռևս մարտին կանխատեսում էր արել, որ գետերում նախատեսվում է սակավաջուր ռեժիմ, այսինքն' նորմայի 50-60 տոկոս: Ապրիլին կանխատեսումը ճշգրտվեց' ավելի սակավ ցուցանիշ արձանագրելով' 30-60 տոկոս:
Սակավաջուր ռեժիմը պամանավորվել է նրանով, որ նախորդ տարվա աշնանային ամիսներին տեղումնեը շատ ցածր են եղել, հատկապես հոկտեմբեր, նոյեմբերին, ձմեռային ամսիներին տեղումները ցածր են եղել: Ձյունածածկույթը փետրվարին մինչև 1500 մետր բարձրությունում բացակայում էր, մարտին' 2000 մետրից, իսկ ապրիլին 2800 մետից վերև էր ձնածածկույթը, որը նորմայից 2-3 անգամ ցածր է: Բացի այդ' ապրիլին տեղումները կազմել են նորմայի 25-50 տոկոսը:
Երկար տեղումները ներզանգածային բնույթի են եղել, որոնք ընդգրկել են լոկալ շրջաններ ու հոսքագոյացման վրա չեն ազդել: Հողը խոնավ չէր, մարտին ջերմային ֆոնը բավական բարձր էր, 2-5 աստիճան, դա պայմանավորեց ձյան հալքը, որը հագեցրեց միայն հողի խոնավությունը, հոսք ձևավորվեց շատ ցածր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Լևոն Ազիզյանը:
Նրա խոսքով' ջրամբարների ջրալցվածություն չորս խոշոր ջրամաբարներում չի գրանցվել: «Ախուրյանի ջրամբարում ջրալցվածությունը կազմեց 281 միլիոն, այնինչ 2013-ին մենք ունեցել ենք 492 միլիոն: Արփի լճի համար ունեցանք 43.6 միլիոն ջրալցվածություն' նախորդ տարվա 66 միլիոն ցուցանիշի համեմատ:
Ազատի ջրամբարի համար 48.9 միլիոնի համեմատ 2013-ին' 52 միլիոն
է գրանցվել, իսկ Ապարանի համար 24.7 միլիոն առավելագույն ջրալցվածություն, որը վերջին 25 տարիներին ամենացածր ցուցանիշն է»,-ասաց մասնագետը:
Լևոն Ազիզյանի տեղեկացմամբ'Սևանա լճի ջրի մակարդակը, եթե գարնանային վարարումների ժամանակ բարձրանում է 45 սմ-ով, այս տարի գրացվել է ընդամենը 25 սմ-ով բարձրացում' նախորդ տարվա 40 սմ-ի փոխարեն: «Մեր կանխատեսումներով' Սևանա լճի համար հաջորդ տարվա հունվարի կեսին կունենանք բացասական հաշվեկշիռ 9-11 սմ-ով»,-ասաց Լևոն Ազիզյանը:
Արամ Գաբրիելյանի կարծիքով' ջրային ռեսուրսների սակավության խնդիրն արդիական է, բայց ոչ անուծելի: «Շրջանակային կոնվեցիան երկու մոտեցում ունի, մի կողմից' պետութունները պետք է աշխատեն, որ ջերմոցային գազի քիչ արտանետում կատարեն, որ կլիմայի փոփոփությունը հնարավորիս զսպեն, մյուս կողմից' քանի որ միևնույն է կլիման գնում է փոփոխության, պետք է փորձել ադապտացվել դրան: Ինչ միջոցառումներ են անհրաժեշտ:
Ընդհանուր ադապտացիոն մոտեցումը Հայաստանն արդեն որդեգրել է, դա էկոհամակարգային մոտեցումն է: Այն ենթադրում է, որ էկոհամա կարգից պետք է օգտվել այն չափով, որքանով այն վերականգնելի է: Այդ տեսանկյունից' պետք է գնալ ջրախնայողության տարբերակով ու երբեմն ջրամբարներ կառուցելու փոխարեն, օգտվել, օրինակ, կաթիլային ոռոգման տեխնոլոգիայից»,-ասաց Արամ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն էլ նշեց, որ 14 ամենաշոգ տարիներից 13-ը դիտվել են 21-րդ դարում, այսինքն' 2001 թվականից այս կողմ, դրանցից 6-ը' վերջին տարիներին: «Այս տարվա օգոստոսն աչքի չընկավ ոչ բացարձակ առավելագույն ջերմաստիճանների շատ բարձր արժեքով: Այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ տաք ալիքը մի քիչ ավելի երկար տևեց, քան սովորաբար տևում է:
Դրա հետ մեկտեղ, երբ ասում ենք, որ հուլիսի կեսերից կայուն եղանակային պայմաններ են գրանցվում Հայասանում, այս երևույթը չդիտվեց: Կարկուտի երևույթը, սովորաբար, հուլիսի կեսերից պետք է նվազի, շատ քիչ դիտվի կամ չպետք է դիտվի, բայց առ այսօր կարկուտը գրանցվում է ու խոշոր չափերով:
Պատճառը նույն տարածաշրջանում շատ տաք օդի և միաժանանակ ցուրտ օդի առկայության պայմաններն են: Հյուսիս-արևմուտքից ցուրտ, հարավից տաք օդի ներթափանցման պայմաններում հավասարակշռության խախտումը բերում է նրան, որ ամեն օր ականատես ենք լինում անձրևների, կարկուտի, քամու ուժգնացման հատկապես հյուսիսային շրջաններում»,-ասաց Զարուհի Պետրոյանը: