Ամերիկյան հետախուզա-վերլուծական Stratfor գործակալության փորձագետները Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման ամենահավանական պատճառ են համարում ինքնաթիռի ներսում պայթուցիկ սարքի պայթյունը։ Այս մասին տեղեկացնում է «РБК»-ն:

 

Ինչպես նշվում է գործակալության զեկույցում, պայթուցիկը կարող էր լինել կամ ուղևորների շրջանում մահապարտի մոտ, կամ թաքցված լինել բեռնախցիկում: Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման այլ վարկածները նույնպես դեռ բացառված չեն, բայց դրանք առավել քիչ հավանական են։

 

Stratfor-ի վերլուծաբանների տվյալներով՝ Շարմ էլ Շեյխի օդանավակայանը, որտեղից թռիչք է իրականացրել ռուսական ինքնաթիռը, չունի հուսալի անվտանգության համակարգ, և չարագործներից մեծ ջանք չէր պահանջվի պայթուցիկ սարք անցկացնել։

 

Հեղինակների կարծիքով՝ ինքնաթիռի կործանման բնույթը համապատասխանում է պայթյունի մասին վարկածին. ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը՝ մաս-մաս քանդվելով։

 

Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ մինչ այժմ ոչ մի հաղորդագրություն չի ստացվել այն մասին, որ А3210-ի բեկորներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի հետքեր։

 

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում՝ թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։