Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ են արել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

ՀԺԿ խոսնակ Հալուք Քոչը կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընտրությունների արդյունքում ընտրողները ցույց տվեցին, որ իշխանության ղեկին չեն ուզում տեսնել «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): «Ժողովուրդն ընդդիմության երեք կուսակցությանն ուղերձ հղեց, պետք է շատ լավ ըմբռնենք այդ ուղերձը»,- նշել է Քոչը' հավելելով, որ իրենց նախընտրած Թուրքիայի ղեկին ԱԶԿ-ին չեն տեսնում:

 

 

Լրագրողների հետ զրույցում ՀԺԿ փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն ևս ակնարկներ է արել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցելու վերաբերյալ: Ընդգծելով, որ 13 տարվա ընթացքում առաջին անգամ իշխող կուսակցությունը զրկվել է միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից' Թանրըքուլուն չի բացառել ԱՇԿ և ԺԴԿ հետ համագործակցությունը: «Թուրքիային հրատապ կերպով անհրաժեշտ է ժողովրդավարության նոր նախագիծ»,- ասել է նա:

 

 

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)' նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտրված կուսակցություններից որևէ մեկի հետ, սակայն ընտրված մյուս երեք կուսակցություններն արդեն հայտարարել են, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն:

 

 

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը' 13,11 տոկոսը (80 պատգամավոր):