Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը նախագիծ է ներկայացրել քաղաքապետարան Ստամբուլի Շիշլի թաղամասի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանափոխելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Նախագ ծի հեղինակներն ընդդիմադիր քեմալական կուսակցության ղեկավարի օգնականներ Սեզգի Թանրըքուլուն և Վելի Աղաբաբան, ինչպես նաև գլխավոր քարտուղարի օգնական Օզգուր Օզելը:

 

Առաջարկի մեջ վերջիններս նշել են, որ սովորաբար փողոցներն ու պողոտաներն անվանվում են այնպիսի մարդկանց անուններով, ովքեր հետք են թողել պատմության մեջ: «2007 թվականի հունվարի 19-ին սպանված լրագրող Հրանտ Դինքի անունն էլ կարևոր տեղ է զբաղեցնում այս երկրի պատմության մեջ: Որքան էլ որ պաշտպանվեն մարդասպանները և նրանց հետևում գտնվող կազմակերպությունը, թուրքական հասարակության մի կարևոր մասն իրենց խղճում դատապարտել է պատասխանատուներին և Դինքին տվել է իր արժանի գնահատականը: Դինքի թաղմանը մասնակցած հարյուր հազարավոր մարդիկ խոսք տվեցինք երբեք չ մոռանալ նրա հետ կատարվածը»,- նշվում է նախագծում: Հեղինակներն առաջարկել են, որ Շիշլիի պողոտաներից մեկն անվանափոխվի Հրանտ Դինքի անունով' «հանուն երկրի մշակութային հարստության և հասարակական խաղաղության»:

 

Հանրապետական ժողովրդական կուսակցության, ինչպես նաև սովորական քաղաքացիների կողմից ավելի վաղ ևս արվել էին առաջարկներ որևէ փողոց Դինքի անունով վերանվանելու վերաբերյալ, սակայն Ստամբուլի քաղաքապետարանը մերժել էր դրանք: