Վերջին շրջանում գազալցակայաններում պայթյունների դեպքերն անհամեմատ աճել են, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների հետաքրքրությունը՝ որն է այն պետական մարմինը, որը վերահսկողություն է իրականացնում, բայց, միևնույն է, ունենում ենք այսքան դժբախտ պատահարներ՝ բազմաթիվ զոհերով:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրին, որ ներկա դրությամբ ՀՀ իրավական դաշտում չկան սահմանված պարտադիր պահանջներ՝ ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող լիցքավորվող գազաբալոնների անվտանգության համար:

 

 

Չնայած ներկայումս պետք է ՀՀ-ում կիրառվի ԵԱՏՄ «Անիվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, սակայն 54 ամիս ևս կկիրառվի ազգային օրենսդրությունը, համաձայն որի՝ պարտադիր պահանջներ դեռևս սահմանված չեն:

 

 

Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 60 ամիս հետո ՀՀ-ում գործելու է միայն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջները, քանի որ չի կիրառվելու ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրությունը:

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշում են նաև, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը որոշում է մշակել և առաջարկությամբ դիմել է ՀՀ կառավարություն՝ դաշտը կարգավորելու նպատակով հանձնարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը «Տրանսպորտային միջոցների շարժիչային վառելիքի համար նախատեսված սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ, տեխնիկական ընդհանուր պայմաններ» ստանդարտի պահանջները ներառել ազգային տեխնիկական կանոնակարգի մեջ:

 

 

Նախարարությունից կարծում են նաև, որ այս ոլորտի վերահսկողությունը կատարվում է լիարժեք, քանի որ տնտեսվարողի մոտ հայտնաբերված խախտումները և թերությունները մինչև չեն կանխարգելվում և վերացվում, տեսչությունն իր գործառույթները չի համարում լիարժեք կատարած: