ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխումը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին:
«Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:
- Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Համաձայն «Գնաճի հաշվետվության»՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 5 տոկոսային կետ։
Ներկայացնում ենք սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար 2020 թվականի հունվարի 1-ից կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում․
- Ընտանի թռչնի մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 3 տոկոսային կետով (22%-ից 25%).
0207 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի թռչնի միս (22%-ից 25%)
|
Բարձրացում
|
Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ |
2019թ. 22% 2020թ. 25%
|
3 տոկոսային կետ |
ԱՄՆ Բրազիլիա Ուկրաինա ԵԱՏՄ երկրներ Բելգիա |
Ընտանի թռչնի միս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41%): Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից ընտանի թռչնի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:
2021 թվականից Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի օգտվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխվելիք սակագնային քվոտաներից, որի շրջանակներում Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25% մաքսատուրքի դրույքաչափով:
Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2017 թվականից, յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի 4%-ի չափով բարձրացում (10% դրույքաչափը գործել է 2015-2016 թվականներին, 2017 թվականին՝ 14%, 2018-ին՝ 18%, 2019-ին՝ 22% և 2020-ին՝ 25%), սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին զգալի գնաճ չի գրանցվել:
Մաքսատուրքի բարձրացման շրջանում հնարավոր է գնաճի զսպում նաև տեղական թռչնամսի արտադրության ծավալների աճի հնարավորության դեպքում։
- Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման դեպքում 2020 թվականից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 5 տոկոսային կետով (12.5%-ից 15%).
0202 ծածկագրին դասվող սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս
|
Բարձրացում
|
Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ |
2019թ. 12.5% 2020թ. 15%
|
2.5 տոկոսային կետ |
Հնդկաստան Ուկրաինա Բրազիլիա ԵԱՏՄ երկրներ Իտալիա |
Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից: Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:
Ինչպես թռչնամսի դեպքում, այնպես էլ այստեղ 2021 թվականից Հայաստանն, օգտվելով սակագնային քվոտաների բաշխումից, երրորդ երկրներից կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15% մաքսատուրքի դրույքաչափով:
- Բրնձի մասով 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 3 տոկոսային կետով (3%-ից 6%).
1006 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող բրինձ (3%-ից 6%)
|
Բարձրացում
|
Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ |
2019թ, 3% 2020թ. 6%
|
3 տոկոսային կետ |
Թաիլանդ Պակիստան ԵԱՏՄ երկրներ Հնդկաստան ԱՄՆ |
Մաքսատուրքի բարձրացումը վերաբերում է բրնձի տարբեր տեսակներին, սակայն ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև համաձայնագրով հաստատված է Վիետնամից ԵԱՏՄ տարածք երկարահատիկ բրինձի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման սակագնային քվոտա: Հայաստանին 2019 թվականի համար տրամադրվել էր 150 տոննա նշված երկարահատիկ բրինձ ներմուծել` 0% մաքսատուրքի դրույքաչափով, 2020 թվականին հնարավոր է ներմուծել 250 տոննա` առանց մաքսատուրքի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Շարունակաբար հնարավոր կլինի քվոտայի սահմանաչափը մեծացնել՝ զսպելով այդ տեսակի բրինձի գնի բարձրացումը:
Միաժամանակ, մի շարք զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում է գործող ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Դեպի Հայաստան բրնձի հիմնական ներմուծումը իրականացվում է վերոնշյալ դասի երկրներից, ուստի 2022 թվականից կիրառելով ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերը, նշված ապրանքատեսակի մասով հնարավոր կլինի օգտվել նաև գործող մաքսատուրքի 25%-ի չափով իջեցումից:
- Արևածաղկի ձեթի ներկրման համար հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).
1512 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող արևածաղկի ձեթ՝ ոչ պակաս քան 10լ տարրայով (13%-ից 15%. բայց ոչ պակաս քան 0.1 եվրո կգ-ի համար)
|
Բարձրացում
|
Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ |
2018թ. 12% 2019թ, 13% 2020թ. 15%
|
2 տոկոսային կետ |
ԵԱՏՄ երկրներ Ուկրաինա Կիպրոս Ֆրանսիա Իտալիա |
Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2018 թվականից, յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին շոշափելի գնաճ չի գրանցվել:
Այս ապրանքատեսակի շուրջ 90%-ը հիմնականում ներմուծվում է ԵԱՏՄ երկրներից և Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), ընդ որում՝ վերջինիս դեպում ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ:
- Կաթնամթերքի համար 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).
0402 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող կաթնամթերք, այդ թվում` կաթ և սերուցք, կաթի փոշի
|
Բարձրացում
|
Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ |
2018թ, 11% 2019թ. 13% 2020թ. 15%
|
2 տոկոսային կետ |
ԵԱՏՄ երկրներ Ուկրաինա Վրաստան ԵՄ երկրներ |
Նշված ապրանքատեսակի մասով նախորդ տարիներին ևս գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն նախորդ տարիներին շոշափելի գնաճ ևս չի գրանցվել:
Կաթնամթերի այն տեսակները, որոնց մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, Հայաստան է ներմուծվում հիմնականում ԵԱՏՄ երկրներից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր, շուրջ 90%-ը), ինչպես նաև ԵՄ երկրներից։
- Կարագի մաքսատուրքի բարձրացումը կլինի 2 տոկոսային կետով (13%-ից 15%)
0405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող կարագ (13%-ից 15%. բայց ոչ պակաս քան 0.22 եվրո կգ-ի համար)
|
Բարձրացում
|
Դեպի ՀՀ հիմնական արտահանող երկրներ |
2018թ, 11% 2019թ. 13% 2020թ. 15% |
2 տոկոսային կետ |
ԵՄ երկրներ Ուկրաինա ԵԱՏՄ երկրներ |
Կարագ հիմնականում ներմուծվում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երեք ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 35%): Հաշվի առնելով վերոգրյալը՝ հնարավոր են գների որոշակի բարձրացումներ ԵՄ և այլ երրորդ երկրներից կարագի ներմուծման դեպքում։
Այս հղումով (https://bit.ly/2NYaeRE) կարող եք ծանոթանալ 2020 թվականի հունվարի մեկից փոփոխվող բոլոր ապրանքների մաքսային դրույքաչափերին։
Հետևյալ հղումով (https://bit.ly/2QEcVtD) կարող եք ծանոթանալ այն ապրանքների դրույքաչափերի ցանկին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսային դրույքաչափեր»,- ասվում է պարզաբանման մեջ։