«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
Կենդանաբանական այգու ֆինանսական «խաղերը»
Եթե որոշել եք ձեր երեխաներին տանել կենդանաբանական այգի և հաղորդակից դարձնել կենդանական աշխարհի հետ, ապա ստիպված եք կլորիկացնել ձեր դրամապանակի պարունակությունը, որովհետև թեպետ կենդանաբանական այգու ծախսերը հոգալու համար բավականին խոշոր գումարներ են «ֆռում», սակայն տոմսերի արժեքը, մեղմ ասած, բարձր է: Այսպես՝ աշխատանքային օրերին՝ 16-69 տարեկանների համար արժե 800 դրամ, 3-15 տարեկանների համար՝ 500 դրամ, իսկ շաբաթ և կիրակի օրերին և տոներին (այս օրերին հատկապես մարդկանց հոսքը համեմատաբար մեծ է) գնային բարձրացումներ են նախատեսված՝ 16-69 տարեկանների համար արժե 1200 դրամ, իսկ 3-15 տարեկանների համար՝ 600 դրամ, իսկ ահա ընտանեկան փաթեթն արժե 2900 դրամ:
Գնային այս համակարգը գուցե արդարացվեր, եթե ասեինք, որ այգու տնօրինությունը պահպանման ծախսերը հոգում է միայն տոմսեր վաճառելով, բայց մեր աչքից չի վրիպում այն, որ քաղաքապետի կարգադրությամբ այս տարի միայն այգու վերնամասում կառուցված 4 ազատավանդակներն էլեկտրասնուցմամբ ապահովելու աշխատանքներին օժանդակելու նպատակով հատկացվել է 8200.0 (ութ միլիոն երկու հարյուր), իսկ այգու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու աշխատանքներին աջակցելու նպատակով 10000.0 (տասը միլիոն) դրամ:
Սա դեռ գումարների ստացման երկրորդ աղբյուրն էր. մշակված է նաև «Կենդանաբանական այգու ընկերները» ասոցիացան, որին անդամագրվելով՝ հատկացումներ կարող են անել այգուն:
Շահագրգիռները կարող են նաև ուղղակիորեն նվիրաբերել (PayPal)
Ծառ (30.000 դրամ)
Այգու նոր նստարան (150.000 դրամ)
Մեկ քառակուսի մետր նոր մանկական կենդանաբանական այգի (200.000 դրամ)
Մեկ քառակուսի մետր առյուծի նոր ազատավանդակ (225.000 դրամ)
Այգու տարածքում մի ամբողջական պարտեզ՝ ներառյալ ծառերը, ծաղկանոցը, երեխաների խաղահրապարակը (2.500.000)
Ահա այս ակտիվ ֆինանսական «խաղերի» պարագայում վարել տոմսերի վաճառքի նման գնային համակարգ, մեղմ ասած, արդարացված չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շատ կենդանիների ողջ ծախսը հոգում են կենդանաբանական այգու ընկերները: Դե իսկ գնային համակարգի մասին պարզաբանումներ կամ մեկնաբանություններ խնդրելու նպատակով բազմիցս փորձեցինք կապ հաստատել այգու տնօրինության հետ, սակայն մեզ այդպես էլ չպատասխանեցին, միայն անուշիկ ձայնով մի աղջիկ ասաց՝ դիմեք քաղաքապետարան: Ենթադրում ենք, որ տնօրենն այս ընթացքում այգու ընկերների փնտրտուքներով է զբաղված կամ էլ հաշվում է ստացված եկամուտները:
Ն.Ա.
Արտակ Շաբոյանը 1 տարում 4 բնակարան է ձեռք բերել.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գործերը կարծես թե վերջին մեկ տարում լավ են ընթանում: Ինչպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է ԼՈւՐԵՐ.com-ը, իր պաշտոնն ստանձնելու նոր հայտարարագրում Շաբոյանը (2015) նշել է միանգամից 4 բնակարան:
Եթե ուսումնասիրում ենք Շաբոյանի 2014 թվականի գույքի, եկամուտների հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ հայտարարագրել է միայն 21,000,000.00 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 13,000,000.00 դրամ, որից 7,583,667.00 դրամը աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներն են:
2015թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նկատում ենք, որ այս պաշտոնյան միանգամից 4 բնակարան է հայտարարգրել, իսկ դրամական միջոցների չափն անփոփոխ է մնացել, որից այս անգամ 2,200,000.00 ՀՀ դրամը կազմում է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները:
Ազգային ժողովում կրկին «բախումներ» են
74 կողմ, 11 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քննարկումը, սակայն, կրկին անցավ թեժ մթնոլորտում: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի խոսքից հետո, ով դժգոհում էր իմիտացիներով մանդատ ստացած պատգամավորիներից, Գալուստ Սահակյանն ասաց. «Հերոսացման գործընթացներն ընդհատենք»: Իսկ ավելի ուշ Լևոն Զուրաբյանին խոսք տալուց առաջ ԱԺ նախագահն ասաց՝ հերոսացումը շարունակվում է:
«Դե Ձեզնից էն կողմ էլ ինչ հերոս»,- պատասխանեց ՀԱԿ պատգամավորը:
Մթնոլորտն ի վերջո այնքան թեժացավ, որ Գալուստ Սահակյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց վիճել ոչ թե իրար հետ, այլ իշխանության: «Ես խնդրում եմ, պատերազմին վերջ տվեք»: