Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական ապաստան էր գտել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը, կարողացել է հեռանալ երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շվեցարական New Zurder Zeitung-ը հայտնում է, որ Հուսեյնովը Բաքվից հեռացել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի ուղղեկցությամբ: Գերմանական լրատվամիջոցը նշում է, որ Բուրկհալտերը Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու է եկել միայն այդ նախապայմանով:

 

 

Նախքան այդ, շվեցարական կողմը երկարատև բանակցություններ է ունեցել Ադրբեջանի հետ, որին մասնակցել են նաև Բուրկհալտերը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

 

Էմին Հուսեյնովն արդեն 10 ամիս է՝ թաքնվում էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանն այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ էին հարուցել նրա դեմ: Ինչպես ադրբեջանցի շատ իրավապաշտպաններին, այնպես էլ Հուսեյնովին իշխանությունները մեղադրում են խարդախության, հարկերը վճարելուց խուսափելու և այլ հանցանքների մեջ:

 

 

Միջազգային տարբեր կազմակերպություններ բազմիցս կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները Հուսեյոնվի նկատմամբ: Այդ կոչերը հատկապես ուժգնացել էին Բաքվի Եվրոպական խաղերին ընդառաջ: