Ինչպես առաջին անգամ տասը տարի առաջ 100.7 հաճախականությամբ մեկնարկեց «Aurora» ռադիոկայանի աշխատանքն, այնպես էլ այսօր՝ ուղիղ կեսօրին, առաջին անգամ Արցախում մեկնարկեց «Aurora Արցախ»-ի աշխատանքը:
Սա առաջին հայկական ռադիոկայանն է, որը կհեռարձակվի ԼՂՀ ողջ տարածքով՝ Ֆիզուլիում, Շուշիում, Աղդամում, Ասկերանում, մարտական դիրքերում:
Ռադիոկայանի արցախյան թիմի աշխատանքը մեկնարկեց ուղիղ եթերում: Աշխատակիցների հուզմունքը թե՛ երևանյան ստուդիայում,թե Ստեփանակերտի «Պիտաչոկում», որտեղից միացել էին Արցախյան մեր գործընկերները, հուզմունքն ակնհայտ էր:
«Մեկ հաճախականություն, մեկ ազգ». այսպիսի կամուրջ դարձավ Aurora-ն:
Աշխատակիցները պատմեցին, թե ինչպես առաջացավ Արցախում ռադիոկայան հիմնելու միտքը. «Դեռ անցյալ տարի՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, մտահոգություն հայտնեց, որ Արցախում չկա հայկական ռադիոկայան: Նա շեշտեց, որ շատ են ադրբեջանական ռադիոկայանները և մեսիջ հղեց, փոխել իրողությունը. «Եկեք փոխենք, որ նույն թշնամին հասկանա, որ Հայաստանն այստեղ է, մենք նույն ենք»: Aurora-ն ԼՂՀ նախագահի մեսիջն ընդունեց և հենց նույն օրն էլ սկսեց աշխատել այդ ուղղությամբ: Չնայած ֆինանսական մեծ ներդրումներին, տեխնիկական բարդ լուծումներին՝ այսօրվանից ԼՂՀ ողջ տարածքով կհնչի հայալեզու, հայկական առաջին ու դեռևս միակ ռադիոկայանը»:
Ռադիո Aurora-ի տասնամյա տարեդարձին և ԼՂՀ-ում աշխատանքի մեկնարկին ներկա էին նաև հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ինչպես նշեցին ռադիոկայանի մեր գործընկերները, այսուհետ մեր բոլորի աշխատանքը լսելի է լինելու Արցախում, և մենք միասին փորձելու ենք թշնամուն դուրս մղել մեդիադաշտից: