Օգոստոսի մեկից, ինչպես արդեն տեղեկացրել էինք, էլեկտրաէներգիան կթանկանա: ՀԾԿՀ-ի որոշման համաձայն' 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 48.78 դրամ՝ նախկին 41.85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը (ժամը 23.00-ից մինչև 7.00)' 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցն ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վերաբերմունք ունի էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ հարցեր կան՝ իրեն հասու չեն. «Գիտե՞ք, հարցեր կան, որոնք ինձ հասու չեն, և շատ նեղ մասնագիտական խնդիրներ կան»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Ես ձեզանից մեկն եմ»։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան: Դրանից հետո մինչև այսօր մի շարք քաղաքացիներ նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով, որ էլէներգիայի նախկին սակագինը պահպանվի: