Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացման առումով այս պահին հստակություն չկա:

 

Այս մասին Ազգային ժողովում ՀԾԿՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի այն հարցին, թե այս կամ հաջորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում սպասվու՞մ է: «Պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը ուղիղ կապ ունի գազի սակագնի հետ: Այս պահին հայկական կողմը բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի վերջին շրջանում փոխարժեքի տատանումների արդյունքում Հայաստանին տրամադրվող գազի գինը չթանկանա: Մենք սպասում ենք այդ բանակցությունների արդյունքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

 

Նա ընդգծեց, որ ինքը բանակցությունների ընթացքի մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ բանակցող կողմ չէ: «Միայն կարող եմ ասել, որ այդ բանակցություններն ընթանում են: Միայն դրանց ավարտից հետո արդեն էլեկտրաէներգիա արտադրող կայանները և շուկան զբաղեցնող կազմակերպությունները կկարողանան գնահատել իրավիճակը և համապատասխան հայտեր ներկայացնել կամ չներկայացնել: Այս պահին վիճակն անորոշ է»,- հայտարարեց Նազարյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին' ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: