Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցնում է, որ մյուս տարի էլետրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում սակագնի թանկացում չի լինի: Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում թանկացումից հետո սակագինը կրկին իջնի, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այս պահին կարող է միայն վստահ ասել, որ հաջորդ տարի սակագների վերանայման արդյունքում թանկացում չի լինի: «Մենք հիմա արդեն կարող ենք նման կանխատեսում անել, և ես հավաստիացնում եմ, որ թանկացում չի լինի մյուս տարի»,- ասաց Նազարյանը:
Նա չբացառեց, որ արդեն հաջորդ տարի սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նաև իջնել, սակայն չցանկացավ որևէ հաստատ բան ասել, քանի որ այս պահին դրա վերաբերալ հստակ կանխատեսում անել դժվար կլինի: «Չէի ցանկանա այս պահին վստահաբար ասել, թե սակագնի նվազում կունենանք, քանի որ այս պահին մենք հստակ կանխատեսում չենք կարող անել»,- նշեց ՀԾԿՀ նախագահը: