Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգիայի թանկացման հայտի մասին դիրքորոշում կհայտնի մեկ շաբաթից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Մենք ստացել ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հայտ ՀԷՑ-ից և էլեկտրաէներգիա արտադրող կայաններից: Այժմ մենք ուսումնասիրում ենք այդ հայտը: Թեև հայտն ուսումնասիրելու համար մենք օրենքով 88 օր ժամանակ ունենք, մեկ շաբաթից, հավանաբար, հունիսի 9-10-ին մենք կհայտնենք մեր դիրքորոշումը հայտի վերաբերյալ, որը կտեղադրվի մեր կայքում և հայտնի կլինի բոլորին»,- նշեց Նազարյանը:

 

Հարցին՝ վերջնական արդյունքում բարձրանալո՞ւ է էլէներգիայի սակագինը, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այս պահի դրությամբ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ ուսումնասիրությունները դեռևս ավարտված չեն. «Մի բան կարող եմ հաստատ ասել: Քանի որ մամուլում մեծ հնչեղություն է ստացել, որ ՀԷՑ-ն իր հայտում ունի հոդվածներ, որոնք վերաբերում են թանկարժեք մեքենաներին, առանձնատների վարձակալությանը և այլ ծախսերի, ես այդ մասով կարող եմ ասել, որ և՛ նախորդ սակագներում, և՛ ներկա սակագնում, և՛ առաջիկա սակագնում այդ շքեղությունների որևէ էլեմենտ տեղ չի գտել և չի գտնելու»,- ասաց Նազարյանը:

 

Նա ընդգծեց, որ հայտում կան մի քանի բաղադրիչներ, որոնք ակնառու են դարձնում, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի: Իսկ թե ինչ չափով կլինի այդ թանկացումը, Նազարյանն այսօր այդ մասին ասել չի կարող. «Մասնավորապես, որո՞նք են այն բաղադրիչները, որ կարող են ազդել սակագնի վրա և տանել դեպի բարձրացում: Առաջին հերթին՝ արտարժույթի տատանումները»,- ասաց Նազարյանը: