Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկն ավարտված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա:
«Ես չգիտեմ, թե այդ թերթի տեղեկատվության աղբյուրը որն է, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հաշվարկն ավարտված չէ: Այն գտնվում է վերջնական փուլում, և դեռ ճշգրտումներ են կատարվում»,-ասաց Մարիամ Ստեփանյանը: «Արմենպրես»-ի այն հարցին, թե հանրության համար երբ պարզ կլինի, թե որքանով է էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու, Մարիամ Ստեփանյանը նշեց, որ մինչև ամսվա վերջ տեղի կունենա հանձնաժողովի նիստը, այդ ժամանակ էլ պարզ կլինի էլեկտրաէներգիայի վերանայված սակագինը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է Էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որն, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Ըստ թերթի որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց: Ներկայում մեկ կվտ ժամը 48.8 դրամ է: