Գազի նվազման մասին լուրերը մեծ աժիոտաժ են առաջացրել հանրության շրջանում: Այս քայլը ոմանց մոտ հավատ է ներշնչել, իսկ ոմանք էլ՝ թերահավատորեն են վերաբերվում. օրինակ՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն օրերս հայտարարեց, որ գազի սակագնի նվազում իրականում հնարավոր չէ:  

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հավաստիացրեց սակայն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի նվազման դեպքում՝ հնարավոր բոլոր ռիսկերի ամբողջական ծախսերը վերցնելու է իր վրա: 

 

«Ֆինանսական ներարկում է անելու, որպեսզի այդպիսի ռիսկեր չառաջանան»,- ասաց նա:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի դիտարկմանը՝ եթե սպասարկում եք բացառապես հանրային շահերը, ինչո՞ւ գազի սակագինը չի իջեցվում ոչ թե դեկտեմբերից, այլ հունվարից, Ռ. Նազարյանը հավելեց, թե ինքն իր գործառույթն իրականացնում է այն շրջանակներում, որպեսզի կարողանա անհրաժեշտ հասույթ ապահովել ինչպես ընկերություններին, որպեսզի նրանք էլ իրենց հերթի գոյություն ունենան և ֆինանսական կայնություն ապահովեն, և մատուցեն անվտանգ, հուսալի շահագործում և ծառայություններ, այնպես էլ՝ պաշտպանել սպառողների շահերը. «Միանշանակ, ես նաև կոչված եմ հանրային շահերը պաշտպանելուն: Ես պետք է հավասարակշռեմ հանրային ու ընկերությունների շահերը: Եթե ես մեկին առաջնահերթ դիտարկեմ, մյուսին վնաս կտամ, իսկ մեր առաքելությունը կայանում է հավասարակշռությունը: Իսկ հունվարի մեկից սակագնի նվազումը պայմանավորված է էներգետիկայի մասին օրենքով, որը սահմանափակում է սակագնի նվազման վերանայում: Այն սահմանված է վեցամսյա ժամկետով: Եթե նախորդը սահմանել ենք, ապա վեց ամսից շուտ չենք կարող այդ գինը վերանայել»,- ասաց նա:

 

Իսկ, թե ինչով է պայմանավորված նման որոշումն այն դեպքում, երբ ԱԺ-ում ընդդիմությունը բազմիցս հայտարարել ու առաջարկել է գազնի սակագինը նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ ինքն, արձագանքել է, որ դա հնարավոր չէ, պաշտոնյան նախ հորդորեց մանրամասն ուսումնասիրել ընկերության կողմից ներկայացված բացատրագիրը, ապա հավելեց, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, հետևաբար՝ այդ հարցին չի պատասխանում. «Ես կուսակցական չեմ, ընտրություններին չեմ մասնակցում, և իմ մասնագիտական գործառույթն եմ կատարում: Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտ է ներկայացրել գազի գնի վերանայման հետ կապված, որտեղ կա բացատրագիր, թե ինչ հիմնավորմամբ է խնդրում վերանայել գազի սակագինը»: