ՀՀ կառավարությունը երեկ հասատեց օրենքի նախագիծ համաձայն որի՝ գիշերօթիկներում, մանկատներում խնամվող մարդկանց հունվարի 1-ից կտրվեն պետական վկայագրեր, որոնց շնորհիվ նրանք կորոշեն, թե որ կազմակերպությանն են վստահում իրենց կյանքն ու առողջությունը: Սակայն, կառավարության այս նախաձեռնությունն արդեն հասցրել է քննադատությունների արժանանալ։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը փոփոխությունների վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց.
«Գործընթացը հաստատվել է: Հիմա հարցը աշխատողներն են: Մրցույթ է լինելու ու շահող ընկերությունը կամ հասարակակական կազմակերպությունն ինքն է որոշելու աշխատողների հարցը: Սա նորմալ անհանգստություն է, երբ մեզ ասում են, որ հնարավոր է հունվարից անգործ մնաք: Բացի այդ՝ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ են կատարել ու որոշումը կապված չէ իրենց աշխատանքները վատ կատարելու հետ»,- նշեց Սարուխանյանը:
Ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այն, որ նախատեսվում են փոփոխություններ՝ իմացել են դեռ ամռանը. «Բայց որ հնարավոր է անգործ մնանք նորություն էր»:
Նա ընդգծեց, որ հաստատությունում աշխատում է 71 հոգի: Միջին աշխատավարձը 65 հազար է:
«Աշխատակազմը ստեղծել է շահերի պաշտպանության կոմիտե, որն աշխատողների աշխատանքային իրավունքների ամբողջ հարցը վերցրել է իր վրա: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի, մարդիկ անգործ չեն մնա»,- ընդգծեց Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որը կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից: