Երևանի բնակիչ Սամվել Առաքելյանին ՀՀ քրեական 314-րդ հոդվածի առաջին մասի և 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել:Այս մասին հայտնի է դառնում դատական տեղեկատվական համակարգից:

 

 

Սամվել Առաքելյանը, 2012 թվականի դեկտեմբերից աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես ավագ օպերլիազոր, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները' էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

 

 

2014 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, ոմն Արմեն Թորոսյան անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի թմրամիջոց:

 

 

Վերը նշված անձի օգտին պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ավագ օպերլիազոր Սամվել Առաքելյանը 2014թ. ապրիլ ամսին կազմել և հանձնել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող' խուզարկություն կատարելու մասին կեղծ արձանագրություն, ինչպես նաև մեկ այլ վայրում խուզարկություն կատարելու մասին արձանագրությունում և նախաքննական մարմնին հասցեագրված գրությունում անձնական դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ:

 

 

Վերը նշված քրեական հոդվածներով' մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք, առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում, մեկից երեք ամիս ժամկետով կալանք կամ մեկից երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներով, ինչպես նաև որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը հինգ տարի ժամկետով զրկում կամ առանց դրա:

 

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը Սամվել Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: