«Ես ևս միանում եմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցման դեմ պահանջին: Ես միշտ հպարտորեն ասել եմ՝ հրաշալի երիտասարդություն ունենք: Կեցցե մեր երիտասարդությունը: Եվ դրա վառ ապացույցն այսօր Բաղրամյան պողոտայում կանգնած երիտասարդությունն է»: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Արարատյան հայրապետական թեմում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
«Խնդիրը նեղ անձնական չէ, քաղաքական չէ: Ոչ ոք չպետք է քաղաքականացնի: Կան փոքրիկ կուսակցություններ, որոնք ինքնակայացման համար կարող են գնալ կանգնել այնտեղ: Սա սոցիալական շարժում է, որը երիտասարդներն են առաջնորդում:
Սա այն խնդիրն է, որ բոլորիս դուռը պետք է թակի: Իսկ ինչ մնում է հայ եկեղեցուն, ապա հայ եկեղեցին, առավել ևս՝ Արարատյան հայրապետական թեմը, իր եկեղեցականները՝ Նավասարդ սրբազանի օրհնությամբ, մեր ժողովրդի կողքին է:
Մեր եկեղեցականներն այսօր ևս գտնվում են Բաղրամյան պողոտայում, ես ևս քաղաքացիական հագուստով լինում են այնտեղ:
Երեկ ոստիկաններն ու ցուցարարները ֆուտբոլ էին խաղում: Ես հուզվել էի: Պետք չէ նաև մոռանալ, որ այդ նույն ոստիկանները ևս ժողովրդի միջից են, այնպես չի, որ երբ էլեկտրաէներգիան թանկանա, ոստիկանները թանկ գնով չեն վճարելու:
Նրանք հրաման են կատարում՝ օրենքի սահմաններում, իսկ ցուցարարները Սահմանադրությամբ իրենց արդար պահանջն են ներկայացնում»,- ասաց նա: