«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ զրուցեցինք Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ, երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ:
-Ի՞նչ կասեք Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի համագործակցության մասին:
Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱՀԹ-ն շատ սերտ համագործակցությա ն մեջ է Երևանի քաղաքապետարանի հետ: Թեմի բոլոր միջոցառումներին ու հատկապես երիտասարդաց միությունների նախաձեռությունները մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնելու հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր անմիջական աջակցությունն է ցուցաբերում:
ԱՀԹ երիտասարդաց կառույցն իր ներկայացուցիչներն ունի Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդում, որին սիրով անդամագրվել ենք և մեր երիտասարդներն իրենց ներդրումն են ունենում քաղաքապետարանի իրականացրած միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում: Նմանատիպ բազում միջոցառումների համագործակցության գեղեցիկ առիթներ ենք ունեցել և տա Աստված, որ այս կապն ամուր լինի և համատեղ կարողանանք ուրախություն պատճառել մեր երևանցիներին, մեր ժողովրդին:
-Ի՞նչպես եք արտահայտում Ձեր սերը քաղաքի հանդեպ:
-Որպես հայ և որպես երևանցի ինձ համար շատ հարազատ է Երևանը: Սերն արտահայտելու տարբեր դրսևորումներ կան. սկսած քաղաքը մաքուր պահելուց մինչև ազգի ու նվիրյալ քաղաքացի դաստիարակելը: Այդ ոգին ու սերը ոչ միայն փոխանցել եմ իմ երեխաներին, այսօր նաև թոռներիս, այլ նաև, որպես ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, մեր հարյուրավոր երիտասարդներին:
-Ի՞նչ կմաղթեք քաղաքի տոնի առթիվ:
Սրտանց շնորհավորում եմ մեր մայրաքաղաքի ծննդյան տոնը, բոլոր երևանցիներին ու համայն հայությանը: Թող Աստված շեն ու պայծառ պահի մեր քաղաքամայր Երևանը, օրհնի ու ամուր պահի մեր սահմանները, հայոց բանակը և մեր երկրի միջնաբերդ հանդիսացող Երևանը: