Աշխարհն այս պահին շատ բազմազան է, այսինքն՝ գոյություն ունի մի քանի «աշխարհ»: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում 1in.am-ի ուղիղ եթերում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և նշեց, թե որոնք են այդ «աշխարհները»: 

 

«Կա Ադրբեջանը՝ որպես առանձին մի մոլորակ, որն ապրում է իր կյանքով: Իրենք առաջին հերթին նեղացած են մեզանից, որ մենք իրենց օլիմպիադայից ուշադրությունը շեղել ենք. հիմա ոչ ոք չի հետաքրքրվում Ադրբեջանում անցկացվող օլիմպիական խաղերով: Զուգահեռ տարածում են, որ Հայաստանն անդունդի եզրին է, տեսե՛ք, արդեն ընկնում է, ինչ լավ է Բաքվում, ինչ վատ՝ Հայաստանում»,- ասաց Մարտիրոսյանը: 

 

Այնուհետև փորձագետն առանձնացրեց նաև ուկրաինական «մոլորակը», որտեղ այս ամենը ներկայացնում են, որ այստեղ կատարվում է այն, ինչ Ուկրաինայում է: Հայերի մասին այնտեղ արդեն բանաստեղծություններ են գրում: 

 

Մեկ այլ հատված էլ Մարտիրոսյանն առանձնացրեց ռուսաստանյանը, որտեղ շատ լուրջ համարում են, թե ինձ մի էկլեր հյուրասիրեցին, որ այդ էկլերը Պետդեպարտամենտն է ֆինանսավորել, որ գամ այստեղ ուտեմ, ձեզ էլ փող են տվել, որ գաք, նկարեք, թե ինչպես եմ ես այդ էկլերն ուտում: «Եվ ընդհանրապես, կարծում են, որ այս ամենն արվում է Ռուսաստանի դեմ և Հայաստանն էլ շուտով կործանվելու է, թուրքերը գալու են մորթեն, որովհետև ռուսները նեղանալու են ու գնան»,- նկատեց փորձագետը: 

 
Խոսելով Արևմուտքի արձագանքի մասին էլ, Մարտիրոսյանն ասաց. «Կա նաև արևմտյան մոտեցում, որտեղ հակառուսական պահը փորձում են շեշտել, բայց այդքան բիրտ չեն, օբյեկտիվ իրականությունն ավելի շատ է՝ չնայած էլի փորձում են ֆիքսվել ռուսական պահի վրա, բայց փաստ է, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է»: