Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ' հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջևանի առանձին համազորային բանակն ունի զոհեր և վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Արման Եփրեմյանի ընտանիքի անդամներին և հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը:
Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության, ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրման ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի և Ադրբեջանի ԶՈՒ կազմավորման տարեդարձի հետ, ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը և միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը:
Միաժամանակ, կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից և ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ ևս պահպանելու ուղղությամբ: