Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ Բաքվում հունիսի 12-28-ն անցկացված Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջանի շահած մեդալների կեսից ավելին ոչ թե ադրբեջանցի, այլ արտասահմանից հրավիրված մարզիկների վաստակն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ջալալօղլուն հայտարարել է moderator.az-ին տված հարցազրույցում:
Քննադատելով սպորտի բնագավառում Ադրբեջանի բացթողումները՝ ԱԴԿ-ի առաջնորդն ասել է, որ միջազգային մրցումներում, ինչպես նաև Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջանը մեծ թվով օտարերկրացի մարզիկներ է հրավիրում իր դրոշի տակ ելույթ ունենալու համար, ինչին իրենք դեմ են:
«Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկած և մեդալ շահած մարզիկների մեծ մասն օտարերկրացիներ են: Մրցումներում այդ մարդկանց ձեռք բերած հաջողությունները ներկայացվում է որպես Ադրբեջանի, ադրբեջանական սպորտի հաջողություն: Բայց չէ՞ որ, եթե Ադրբեջանի դրոշի տակ կագնած մարզիկն ադրբեջանցի չէ' օտարերկրացի է, վաղը նա վերադառնալու է իր երկիր, ուրեմն դա Ադրբեջանի կամ էլ ադրբեջանական սպորտի հաջողություն չի կարող համարվել»,- ասել է նա:
Ջալալօղլուն ասել է, որ չնայած սպորտի բնագավառին հատկացված մեծ ֆինանսական միջոցներին, Ադրբեջանում սպորտի զարգացում չի նկատվում:
«Գործընթացները ցույց են տալիս, որ չնայած Ադրբեջանում սպորտի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությանը, երկրում սպորտը չի զարգանում: Իսկ դա խոսում է այն մասին, որ սպորտի ոլորտում սխալ քաղաքականություն է տարվում»,- հավելել է նա: