ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած պատվիրակությանը:

 

 

Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները եւ գուհունակություն հայտնել այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Եվրախորհրդի համապատասխան կառույցների գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Գեսելն ընդգծել է, որ վերջին տարիներին ակնհայտ է դրական տեղաշարժը ոստիկանության գործունեության մեջ եւ համոզմունք հայտնել, որ համագործակցության խորացման շնորհիվ բարեփոխման գործընթացն առավել արդյունավետ կդառնա:

 

 

Հյուրերը հարցադրումներ են արել ոստիկանության հաշվետվողականության, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների կանխարգելման միջոցների ձեռնարկման, մարդու իրավունքների գործողության ծրագրի իրականացման ընթացքի եւ այլ խնդիրների վերաբերյալ:

 

 

Ալեքսանդր Գեսելին եւ ուղեկցող անձանց հետաքրքրում էին նաեւ վերջին օրերի երեւանյան իրադարձությունները եւ իրավիճակը Մարշալ Բաղրամյան պողոտայում: Հունան Պողոսյանը մանրամասն ու սպառիչ ներկայացրել է դեպքերի ընթացքը, ոստիկանության գործողությունները, հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումները:

 

 

Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելը գոհունակություն է հայտնել, որ իրավիճակը վերահսկվում է: Նա հույս է հայտնել, որ գործընթացները կմնան օրենքի շրջանակներում:

 

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: