Եվրամիությունն սկսել է բարձր մակարդակի բազմակողմ ինտենսիվ կոնսուլտացիաները Հունաստանի հանրաքվեի հետևանքների շուրջը, որի մասնակիցները մերժել են վարկատուների պահանջները, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Հունաստանի իրադրությունը կդառնա եվրոյի գոտու գագաթնաժողովի գլխավոր թեման, որը կսկսվի հուլիսի 7-ին Բրյուսելում: Եվրախմբի (եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհրդի) ղեկավար Երուն Դեյսելբլումը հանրահարցման արդյունքները համարել է «ափսոսանքի արժանի Հունաստանի ապագայի համար»: Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ եվրոյի գոտուց երկրի ավտոմատ դուրս գալու մասին առայժմ խոսք չկա:
«Ես եվրոյի գոտու գագաթնաժողով եմ հրավիրել հուլիսի 7-ին ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00-ին), որպեսզի քննարկենք Հունաստանի շուրջը ծագած իրադրությունը»,- հուլիսի 5-ի երկոյան հաղորդել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելի վաղ այդ հանդիպման կոչ են արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսայի նախագահ Ֆրանսու Օլանդը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը և Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
Մինչդեռ, Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ստեղծված իրադրության շուրջը հուլիսի 6-ին հեռախոսային բանակցություններ կվարի եվրոգոտու մնացած 18 երկրի ղեկավարների հետ և հեռախորհրդաժողով՝ Եվրոպայի ինստիտուտների ղեկավարների հետ:
«Նախագահ Յունկերը հուլիսի 6-ին Հունաստանի շուրջը շտապ հեռախոսային բանակցություններ կվարի եվրոգոտու մնացած 18 պետությունների ղեկավարների հետ: Նա նաև հեռախորհրդաժողով կկազմակերպի Եվրոպայի ինստիտուտների՝ Եվրախորհրդի, Եվրախմբի և Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարների (Մարիո Դրագիի) հետ»,- տեղեկացրել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինս նշել է, որ Յունկերը հուլիսի 7-ի առավոտյան Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում հանդես կգա դիմումով:
«ԵՀ-ն ի գիտություն է ընդունել և հարգում է Հունաստանում կայացած հանրաքվի արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ: Զուգահեռաբար եվոյի գոտու երկու առաջատար երկրների ղեկավարները՝ Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը, առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում:
Ստրասբուրգում, որտեղ հուլիսի 6-ին սկսվում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը, որտեղ բոլոր հանգուցային եվրակոմիսարները պետք է հաշվետվություն ներկայացնեն կես տարում իրենց կատարած աշխատանքի համար, այժմ նույնպես կգերակշռի Հունաստանի իրադրությունը:
Բրյուսելում իրադրության վերլուծությանը ձեռնամուխ կլինի Եվրախմբի աշխատանքային փորձագիտական խումբը, որը կպատրաստի վերջինիս՝ հուլիսի 7-ին նախատեսված՝ նիստը: Այնտեղ պետք է հանձնարարականներ կազմվեն միության ղեկավարների գագաթնաժողովի համար:
Հունաստանի հանրաքվում «ո՛չը» չի նշանակի եվրոյի գոտուց երկրի ավտոմատ դուրս գալը, որի համար «նույնիսկ իրավաբանական ընթացակարգ գոյություն չունի»: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքների նախնական գնահատումները: