Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է: Սփյուռքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքական ուժով: Այն այս անգամ էլ չխախտեց ավանդույթն ու այս անգամ էլ համախմբվեց միասնականության գաղափարի շուրջ: Համահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը, շրջելով Միջին արևելքը, հասավ Կահիրե:

 

Միջին արևելքի հնագույն մայրաքաղաք Կահիրեում Համահայկական վեցերորդ խաղերի ջահը դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի ավանդական կուսակցությունների և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց պատարագ: Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ Անթիլիասի մայր տաճարի անմար կրակը Համահայկական խաղերի սփյուռքը խորհրդանշող ջահի միջոցով Վեհափառ հայրապետի օրհնանքը փոխանցվեց եգիպտահայերին:

 

Դեսպան Արմեն Մելքոնյանը Համահայկական խաղերը համարեց մեր միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց: «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,- ասաց Ա. Մելքոնյանը:

 

Դեռևս Ֆաթիմյան Խալիֆայության ժամանակաշրջանից ու երկու ոսկեդար ապրած եգիպտահայ համայնքը մինչև այսօր էլ իր կարևոր դերն ու նշանակությունն ունի Եգիպտոսի պատմական ու հասարակական կյանքում: Օտար ափերում մեկ դար ապրած հայությունը միշտ իր գերխնդիրն է համարել մեկ հայրենիք ունենալու գաղափարը: Համահայկական խաղերի ստեղծման առաջին օրերից խաղերի անցկացման և կազմակերպման գործում կարևոր ներդրում ունեցած Պերճ Հալաջյանի խոսքով՝ Համահայկական խաղերը միշտ հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է: «Մենք այս ձեռնարկով ևս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրինք աշխարհին, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք աշխարհի ցանկացած անկյունում էլ լինենք միևնույնն է միասնական ենք և կարող ենք պայքարել մեր արդար դատի համար»,- ասաց Պերճ Հալաջյանը:

 

Սփյուռքը խորհրդանշող ջահը՝ կտրելով Նեղոսը, հասավ հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր՝ իր հետ Հայաստան բերելով հավերժի գաղափարը: