ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարե լիցի միջոցառումները և դրանց խորհուրդը։

 

 

Հուլիսի 7-ին կայացած հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

 

 

Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերն անդրադարձել են Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերին և նրանց կողմից 2009 թվականից արված հայտարարություններին արտահայտված աջակցությանը։

 

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։