Ազգային ժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը բացակայած պատգամավորը՝ ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանը: Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ, ամենաշատը բացակայած, քվեարկություններին ակտիվ մասնակցած պատգամավորների ցանկը:

 

Ամենաակտիվ պատգամավորների ցանկում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

 

Ամենաշատ բացակայած պատգմավորների ցուցակը գլխավորում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով նիստերից բացակայել է 547 անգամ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ամենաշատ բացակայած պատգամավորների երկրորդ հորիզոնականում է. նա նիստերից բացակայել է 310 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակում են նաև Կարո Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, Վարդան Օսկանյանը, Արագած Ախոյանը, Արմեն Բաբայանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Գևորգյանը:

 

Ավարտված նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը (547): Նրան հաջորդում են ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը (545), Ալեքսան Պետրոսյանը (544), ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (544), Հայկ Գրիգորյանը (541), Տաճատ Վարդապետյանը (541), Վոլոդյա Բադալյանը (539), Հովհաննես Սահակյանը (539), Ռուբեն Հովսեփյանը (538), Հովհաննես Սոֆոյանը (536):

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բացի ամենաակտիվ պատգամավորը լինելուց, նաև գլխավորում է ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորների ցանկը: Մինասյանը 253 անգամ ձեռնպահ է քվեարկել: Նրան հաջորդում են ՀՅԴ խմբակցության անդամներ Աղվան Վարդանյանը (203), Արմեն Ռուստամյանը (198), Արմեն Բաբայանը (161), «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը (123), ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը (109), ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը (109), ԲՀԿ-ական պատգամավորներ Վահագն Մախսուդյանը (108), Էլինար Վարդանյանը (106) և Վահան Բաբայանը (105):

 

Ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների ցանկը գլխավորում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (261): Նրան հաջորդում են Ալեքսանդր Արզումանյանը (182), Թևան Պողոսյանը (151), Ռուբիկ Հակոբյանը (146), Զարուհի Փոստանջյանը (129), Գագիկ Ջհանգիրյանը (111), Արամ Մանուկյանը (108), Լևոն Զուրաբյանը (107), Լյուդմիլա Սարգսյանը (92), Արծվիկ Մինասյանը (87):