Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված հայ տարեց կնոջ՝ Մարիցա Քյուչուքի գործով հերթական դատական նիստի ժամանակ գլխավոր կասկածյալ Մուրադ Նազարյանը հայտնել է, որ բանտում ենթարկվել է բռնությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

Նիստի ժամանակ Նազարյանի փաստաբան Ջաֆեր Գյուլն ասել է, որ հանցագործությունը կազմակերպված հանցախմբի ձեռքի գործն է, և իսկական մեղավորներն իրականում ազատության մեջ են: Նա նշել է, որ իր պաշտպանյալը բանտում մի քանի անգամ սպառնալիքների և սեռական բռնության է ենթարկվել, և այդ է պատճառը, որ իրենք պահանջում են ազատ արձակել Նազարյանին:

 

 

Ի պատասխան դատավորի այն հարցին, թե ովքեր են բռնություններ կիրառել Նազարյանի վրա, արդեն 28 ամիս կալանավայրում գտնվող կասկածյալն ասել է, որ իր բանտախցի մյուս անդամներն իրեն սպառնացել են: «Մի քանի անգամ սեռական բռնության եմ ենթարկվել: Այստեղ իմ հայ լինելու հանգամանքն էլ դերակատարում ունի: Իրադրության մասին հայտնել եմ բանտի դատախազությանը, բողոք եմ գրել, սակայն դրան որևէ ընթացք չի տրվել»,- ասել է Նազարյանը:

 

 

Դատարանը, ուշադրության առնելով ներկայացված բողոքները, որոշում է կայացրել բողոք ներկայացնել դատախազություն: Դատական նիստը հետաձգվել է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 21-ը:

 

 

Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ-ի դեկտեմբերի 27-ին' Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան եւ տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո' 2013 թ-ի հունվարի 22-ին, ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան եւս ծեծել: Նրանք փողոցում հարձակվել եւ փորձել էին առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգե կան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել էր, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է կատարել: Հետագայում նա հայտնել էր, որ հանցագործությունն ինքը չի կատարել, այլ իրեն բռնի տարել են դեպքի վայր: Հետագայում դատաքննչական հետազոտությունը պարզել էր, որ դեպքի վայրում եղել են միանգամից մի քանի մարդ: