Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ քրեական դատարանում երեկ շարունակվել է քաղաքի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակումների եւ նրանցից մեկի' Մարիցա Քյուչյուքի սպանության մեջ կասկածյալ Մուրադ Նազարյանի դատավարությունը: Կասկածյալը դատարանում հայտարարել է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Այս մասին հաղորդում է «Ակոս» թերթը:
Դատավարությանը մասնակցել են նաեւ սպանվածի հարազատները եւ փաստաբանները:
«Ես ոչ մեկին չեմ սպանել: Ինձ երկու շաբաթ պահել են դատաբժշկական հիմնարկում հսկողության տակ», -ասել է Մուրադ Նազարյանը: Ելույթ է ունեցել նաեւ Մարիցա Քյուչյուքի դուստրը' Պայծառ Միդիլլին: «Մուրադն ասում է, որ իրեն սպառնում են: Ո՞վ, ինչու՞ է սպառնում, ու՞մ է պաշտպանում, ի՞նչ են ուզել իմ մորից», -հարցադրումներ է արել նա:
Փաստաբան Էրեն Քեսքինը պահանջել է դատարան ներկայացնել նաեւ Սամաթիայում ծեծի ենթարկված Սուլթան Այքարի եւ Թուրֆան Աշըքի հետ կապված հետաքննչական գործերը:
Դատարանը որոշել է սպասել դատաբժշկական կառույցի զեկույցին, երկարաձգել Մուրադ Նազարյանին կալանքի տակ պահելու նախկին որոշումը եւ դատական նիստը հետաձգել մինչեւ մարտի 12-ը:
Մուրադ Նազարյանը նախկին դատալսման ժամանակ հայտարարել էր, որ սպանությունը կատարել են իրեն անծանոթ երեք մարդ, ովքեր իրեն տարել են Մարիցա Քյուչյուքի տուն, դանակահարելով սպանել նրան, կտրել են իր մատը եւ արյունը քսել ինչ-որ փաստաթղթի վրա: Ավելի վաղ Նազարյանը իր փաստաբան Էրեն Քեսքինին ասել էր, որ վախենում է խոսել, քանի որ այդ մարդիկ շատ ուժեղ են, կարող են սպանել իրեն եւ իր հարազատներին: «Եթե տեսնեմ այդ մարդկանց կամ նրանց լուսանկարները, կճանաչեմ», -ասել էր Նազարյանը:
Քյուչուք ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը քննության հենց սկզբից կասկած էր հայտնել, որ այդ սպանությունն ու հարձակումները մեկ մարդու կողմից չեն իրագործվել: «Սպանությունը կատարվել էր ոչ գողության նպատակով: Սպանության առանձնակի դաժանությունն ու այն, որ Մարիցա Քյուչյուքին այնքան էին ծեծել, որ նրա մարմնում ոչ մի չկոտրված ոսկոր չկար, կասկածանքի տեղիք է տալիս, որ այն կատարվել է ատելության հողի վրա: Այս բացահայտումը, որ սպանությանը եւս մեկ անձ է մասնակցել, ավելացնում է մեր կասկածները», -ասել է Էրեն Քեսքինը:
Թուրքական ԶԼՄ-երն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տանից ոչինչ չէր գողացվել: Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին' Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան եւ տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո' 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան եւս ծեծի ենթարկել:
Նրանք փողոցում հարձակ վել եւ փորձել էին առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է կատարել: