Զինված հակամարտությունների ընթացքում տղա երեխաներն ու տղամարդիկ նույնպես ենթարկվում են սեռական բռնության: Սակայն հանցագործության այս տեսակը, չնայած զոհերի անսահման տանջանքներին, միջազգային մակարդակով բավարար ուշադրության չի արժանանում:
Այս մասին նշվել է զինված հակամարտությունների ընթացքում տղա երեխաների և տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության խնդրին նվիրված ՄԱԿ-ի երկօրյա խորհրդաժողովում:
Համաձայն վերջին հետազոտության արդյունքների՝ զինված հակամարտությունների ժամանակ առնվազն 25 երկրներում արական սեռի ներկայացուցիչներն ենթարկվել են բռնաբարության: Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արևելյան հատվածում վերջերս իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցված արական սեռի ներկայացուցիչների 15 տոկոսը հակամարտությունների ժամանակ սեռական բռնության զոհ է դարձել:
Խորհրդաժողովի մասնակիցները խոսել են նման բռնությունների ծանրագույն հետևանքների՝ զոհերի ապրած ամոթի զգացումի, խարանի և առողջությանը հասցված կործանարար վնասների մասին: Բռնության զոհերը ստիպված են ապրել հոգեբանական և ֆիզիկական տրավմաներով, քանի որ որևիցե մեկից օգնության ակնկալիք չունեն:
Խորհրդաժողովին մասնակցել են իրաբաններ, բժիշկներ, հետազոտողներ և սեռական բռնության զոհեր, ինչպես նաև ՄԱԿ-ի և տարբեր երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք նախանշել են այս խնդրի դեմ պայքարում անհապաղ ուշադրության արժանի հարցերի շրջանակը:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնության հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Հավա Բանգուրան հայտարարել է, որ «սեռական բռնությունը տեսանելի և անտեսանելի սպիներ է թողնում, որոնք երկարատև և քայքայիչ հետևանքներ ունեն»: Նա կոչ է արել ուժեղացնել պայքարը զինված հակամարտությունների պայմաններում սեռական բռնության տարբեր դրսևորումների դեմ և արմատախիլ անել այդ ամոթալի հանցագործությունը երկրագնդի յուրաքանչյուր անկյունում, նաև սատարել նման բռնության բոլոր զոհերին:
Հեղինակ:
«Փաստինֆո»
Լուսանկարում՝ Զայնաբ Հավա Բանգուրա