Այս տարի ծիրանի գները երկու անգամ ավելի էժան են, քան նախորդ տարի: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Ինչպես գիտեք, մեր տնտեսություն սպառողական շուկան հիմնականում հագենում է տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքներով, և այս դեպքում ներկրված գյուղատնտեսական ապրանքների գնաճ է նկատվում վերջին ամսում, իսկ տեղական արտադրության մթերքների գների մակարդակը համեմատաբար ցածր է: Իհարկե, որոշ ապրանքներ նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել են գնաճային միտումներ: Մասնավորապես, գիտեք, որ նախորդ տարվա համեմատ այս տարի զգալիորեն բարձր գին ունեն ընկույզի միջուկը, չորացրած մրգատեսակները, ս ակայն թարմ մրգատեսակների, օրինակ ծիրանի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շուրջ երկու անգամ ավելի ցածր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ հայկական շուկայում նոր հայտնված որոշ մրգատեսակներ իրենց հետ բերել են գնաճային միտումներ, որի արդյունքում վերջին մեկ ամսում ընդհանուր մրգային ապրանքների խմբում արձանագրվել է 13.3 տոկոս գնաճ: «Սակայն բանջարեղենի առումով հակառակ պատկերն է նկատվել, և դա կարելի է պայմանավորել գյուղատնտեսական արտադրության ծավալների աճով: Մասնավորապես, 2015թ. հունվար-հունիսին գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալները նախորդ տարվա համեմատ 6 տոկոսով աճել են: Աճի առավել բարձր տեմպ ունի բուսաբուծությունը՝ շուրջ 10 տոկոսից ավելի»,- ընդգծեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Բանջարեղենի գների անկումը ԱՎԾ պաշտոնյան պայմանավորում է նաև սեզոնայնությամբ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի հունիսից նկատվում է բանջարեղենի գների նվազում մինչև հոկտեմբեր, որից հետո գները կրկին սկսում են բարձրանալ: