Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին և հանդես եկել այնտեղ ելույթով: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը հուլիսի 9-ի ճաշկերույթին հակիրճ ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները Մեծ Բրիտանիա, ամփոփել դրա արդյունքները և պատասխանել ներկաների հարցերին:
Բակո Սահակյանի խոսքով՝ և՛ հայկական համայնքի, և՛ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Արցախի և Մեծ Բրիտանիայի միջև կապերի ամրապնդմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին' նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության և գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք: