Հունիսի 1-ից ԵԿՄ-ում մեկնարկել է պատանի երկրապահների ճամբարային գործընթացը։ Սեւանա լճին մոտ անտառի մի գեղատեսիլ հատվածում գտնվող ճամբարում պատանի եւ երիտասարդ երկրապահները ե՛ւ ամառային հանգիստ են անցկացնում, ե՛ւ մասնակցում են ուսումնամարզական պարապմունքների, հրամանատարասերժանտական դասընթացների։ Այստեղ են Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած բոլոր կառույցների մասնագետները՝ ԱԻՆ, ոստիկանություն, կրթության, առողջապահության նախարարություններ եւ այլն։ Մշտապես երեխաների կողքին են նաեւ հոգեւորականներ։

 

 

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանն ամեն ինչ անում է պատանիների առօրյան առավել բովանդակային դարձնելու համար, հատկապես, որ այստեղ Հանրապետության եւ Արցախի բոլոր տարածքներից լինում են պատանիներ եւ աղջիկներ։ Ծրագրված է, որ այս տարի ճամբարային գործընթացին 11 հերթափոխով կմասնակցեն մոտ 3 500 պատանի եւ աղջիկ։

 

 

Այսօր Պատանի երկրապահների ճամբարում անցկացվեց գիտաժողով՝ տարբեր բուհերի պրոֆեսորների եւ դոցենտների մասնակցությամբ։ հատկապես լուրջ ներկայացուցչությամբ գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մասնագետները։ Հիմնական թեման էլ հայագիտությունն էր՝ պատմություն, գրականություն եւ այլն։

 

 

Գիտաժողովըն սկսվեց ավանդական ստուգատեսով եւ հոգեւոր հոր օրհնանքի խոսքով։ Ընթերցվեց ԵԿՄ առաջնորդի ողջույնի խոսքը գիտաժողովի անցկացման կապակցությամբ։ Բացման արարողության ժամանակ ելույթներ ունեցան բանասիրական գիտության դոկտոր, ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանն ու ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Վերջինը մասնավորապես նշեց, որ զորավար Մանվել Գրիգորյանն անուրանալի ավանդ ունի Արցախյան ազատամարտում, սակայն, պակաս կարեւոր չի նաեւ այն աշխատանքը, որ զորավարն այսօր է տանում եռասերունդ երկրապահական ընտանիքի կայացման ուղղությամբ։ Պատանի եւ երիտասարդ երկրապահներին այս կերպ փոխանցվում է տարեց սերնդի փորձն, ու Հայաստան պետության համար լիարժեք քաղաքացիներ են դաստիարակվում։

 

 

Գիտաժողովի ավարտին էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ԵԿՄ վարչության նախագահի անունից պարգեւներ հանձնեց ճամբարային գործընթացին սատարած անձանց։