Հանդիսավոր պայմաններում՝ պատանի երկրապահների ճամբարում այսօր տեղի ունեցավ եկեղեցական դրոշի՝ խաչվառի հանձնման արարողությունը եռասերունդ Երկրապահին: Ներկա էին սրբազան հայրեր, հոգեւոր այրեր, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը եւ իհարկե՝ երկրապահական եռասերունդ ընտանիքը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Խաչվառի խորհուրդը մեկնեց ԵԿՄ վարչության անդամ, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր ելույթում ընդգծեց, որ Երկրապահը, Երկրապահի առաջնորդ Մանվել Գրիգորյանն անուրանալի ավանդ ունեն հայ ազգի համար, սակայն, թերեւս, ամենամնայուն գործը պատանի երկրապահների հետ տարվող աշխատանքն է: Երկրապահի ճամբարում յուրաքանչյուր հերթափոխում 350 պատանի զուգորդում է հանգիստը եւ ուսումնամարզական վարժանքները: Նրանց կողքին են տասնյակ երիտասարդ երկրապահներ, ազատամարտիկ երկրապահներ, բժիշկներ, ոստիկաններ, արտակարգ իրավիճակների համակարգի մասնագետներ: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան սիրիահայ երեխաների ներկայացուցիչը, Արցախի պատանի երկրապահի ներկայացուցիչն ու Արցախի պատվիրակության ղեկավարը: Բոլորն էլ միաբերան պնդում էին, որ երկրապահական ճամբարում կենցաղային պայմանները, մարզական, մշակութային, հոգեւոր հանգստի հնարավորությունները տարեցտարի բարելավվում են:
Ավանդույթի համաձայն, ծաղկադրում արվեց ի փառս ցեղասպանության սրբադասված նահատակների կանգնեցված խաչքարի մոտ:
Փոքրիկ շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան ճամբարի առօրյային, այստեղ գործող խմբերին: Իրենց կարողություններն էին ցուցաբերում թաեքվոնդոյիստները, նետաձիգները, նժույգավարները, պատանի երկրապահների ժողգործիքների անսամբլը, փողային նվագախումբը: Պատանի երկրապահները մասնակցում էին կրակային, շարային, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, առաջին բուժօգնության, հոգեւոր, պատմական եւ այլ դասընթացների: