Հայաստանից բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն այս տարի մի քանի անգամ ավելացել են: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: «Օրինակ, անցյալ տարի ողջ տարվա ընթացքում արտահանվել է 382 տոննա կեռաս, իսկ այս տարի արդեն 1159 տոննա: Անցյալ տարի ծիրանի շատ քիչ բերք ենք ունեցել և արտահանել ենք ընդամենը 1700 տոննա, իսկ այս տարի արդեն 17 հազար 500 տոննա արտահանել ենք»,- նշեց փոխնախարարը:
Նա առանձնակի կարևորություն տվեց նաև ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչի արդյունքում Հայաստանն ավելացրել է նաև բանջարեղենի արտահանման ծավալները: «Մենք հանրապետության մի քանի մարզերում՝ 80 հեկտար տարածքի վրա, ամենավերջին տեխնոլոգիաներով ջերմոցներ ենք կառուցել: Եթե նախկինում 1 քառակուսի մետրից ստանում էինք 10-20 կիլոգրամ բերք, այժմ արձանագրվում է 45-60 կիլոգրամ բերք: Սրա արդյունքում լոլիկի արտահանումը 6-7 անգամ ավելացել է: Ավելացել են նաև վարունգի արտահանման ծավալները, իսկ վերջին երեք ամիսների ընթացքում բավարարել ենք մեր ներքին պահանջները: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր երկիրը լոլիկի, վարունգի, պղպեղի և սմբուկի արտադրության առումով կդառնա ինքնաբավ և արտահանում կիրականացնի, ինչի առաջին նախադրյալներն արդեն նկատում ենք»,- ասաց Գալստյանը:
Փոխնախարարը չի ժխտում, որ արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ կան: Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանը նոր է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը և սկզբնական շրջանում նման դեպքերում միշտ լինում են նաև դժվարություններ: «Ցանկացած նոր կառույցին հարմարվելը, իրավական կարգավորումները ժամանակ են պահանջում: Օրինակ, վերջին օրերին Լարսի անցակետում կարգ էր սահմանված, որ մինչև երեկոյան 18:00-ն էին մեքենաներին թողնում: Քննարկումների արդյունքում մենք հասանք այն բանին, որ այդ ժամանակը երկարացվեց, որպեսզի գյուղատնտեսական մթերքներով բեռնված մեքենաները կարողանան անցնել»,- ասաց Գալստյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված դժվարությունների մասին խոսակցություններին՝ Սամվել Գալստյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարը վերամշակող և մթերող բոլոր ձեռնարկությունների ղեկավարների հետ բազմաթիվ անգամներ հանդիպել է, ճշտել նրանց հնարավորությունները: Նա վստահեցրեց, որ մթերման գործընթացն իր բնականոն հունով ընթանում է, և որևէ խնդիր չկա: